Այժմյան Հայաստանը վարչականորեն բաժանվում է երկու հանրապետությունների` Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ):
Հյուսիսից ՀՀ-ին կից է հայաբնակ Ջավախքը` պատմական հայկական հողը, որի նկարագրությունը բերված է առանձին: ԼՂՀ-ի մասին մանրամասն տեղեկություններ Դուք կգտնեքԱրցախի նկարագրության մեջ: Այստեղ բերված են ընդհանուր տեղեկություններ Հայաստանի և ՀՀ մասին:
ՀՀ բաժանվում է 11 միավորների` 10 վարչական մարզերի և մայրաքաղաք Երևանը, որը ստացավ վարչական մարզի իրավունք: Մակերեսով ամենամեծ մարզը Գեղարքունիքն է, ամենափոքրը` Արմավիրը: Բնակչության թվով առաջինը (չհաշված Երևանը) Լոռին, վերջինը՝ Վայոց Ձորը:
ՀՀ տարածքի ամենանեղ մասը մոտ 40կմ է, իսկ ամենալայն կենտրոնական մասը ավելի քան 200կմ: Տարածքի ամենամեծ ձգվածությունը 360կմ է, պետական սահմանի երկարությունը` 1400կմ:
Բնական պայմանները և հարստությունները
Հայաստանում՝ ընդհամենը 40հազ. քառ.կմ տարածքի վրա իրար են հաջորդում գրեթե բոլոր երկրաբանական ժամանակաշրջաններին պատկանող լեռնային ապարները: Հայաստանի ամենահին ապարները գոյացել են պալեոզոյան (570մլն տարի) դարաշրջանից էլ առաջ: Այդ ժամանակ ամբողջ Կուր-Արաքսյան միջագետքը եղել է մի ընդհանուր ծովային ավազան:
Մեզոզոյի կեսերից (150մլն տարի) Կուր-Արաքսյան միջագետքի հարավային մասը բարձրանում է և վերածվում ցամաքի: Տեղի է ունենում ստորջրյա բուռն հրաբխակայնություն: Հետագայում երկրակեղևը այդ հատվածում ծալքավորվում է, և ձևավորվում են Փոքր Կովկասի շատ լեռնաշղթաներ: Մեզոզոյի վերջում (67մլն տարի) Հայաստանի ամբողջ տարածքը ենթարկվում է ծովի ներխուժման: Ցամաքը պահպանվում է միայն տեղ-տեղ՝ կղզիների ձևով:
Հայաստանում հարուստ են մետաղային ու ոչմետաղային հանքատեսակների պաշարները: Մետաղային հարստություններից մեծ նշանակություն ունեն գունավոր մետաղները՝ պղինձը (Լալվար, Կապան, Քաջարան, Ագարակ), մոլիբդենը (Քաջարան, Ագարակ), ոսկին (Սոտք, Մեղրաձոր, Դրմբոն), կապարը, ցինկը, ալյումինի հումքը (Փամբակի և Մեղրու լեռնաշղթաներ): Սև մետաղներից է երկաթը (Սվարանց, Հրազդան, Աբովյան):
Ոչմետաղային օգտակար հանածոներից մեծ պաշարներ ունեն շինանյութերը՝ տուֆը (Արագածի լանջեր, Շիրակ, Մերձերևանյան շրջան), բազալտը, անդեզիտը, կրաքարը, մարմարը, պեմզան, օբսիդիանը (կամ «սատանի եղունգ»), պեռլիտը, գրանիտը (Սյունիքի և Լոռու մարզեր), զանազան կավերը:
Արժեքավոր են նաև կերակրի աղը (Երևան-Արմավիր գոտում) և հանքային աղբյուրները (ավելի քան 700 աղբյուր, հատկապես Ջերմուկի, Արզնու, Բջնու, Արարատի, Քարվաճառի և Զուառի հանքային ջրերը):

Комментариев нет:
Отправить комментарий