Հայկական մշակույթը
Հայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է: Այն ներառում է գիտությունը, արվեստը, արհեստը և, առհասարակ, մարդու կողմից ստեղծած ամեն ինչ:
Մշակույթի ճյուղերն են լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն:
Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:
Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզու է։ Այն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն է։ Օգտագործվում է նաև Հարավային Կովկասում (հիմնականում Ջավախքում, Թբիլիսիում, Աբխազիայում, Օսեթիայում), Ռուսաստանում (հիմնականում Հարավային Ֆեդերալ Շրջանում և խոշոր քաղաքներում), Եվրոպայում (առավել հաճախ Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Բելգիայում, Շվեցարիայում, Պորտուգալիայում, Իտալիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Մոլդովայում, Մերձդնեստրում և այլն), Մերձավոր Արևելքում (հիմնականում Իրանում, Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, Պաղեստինում, Իսրայելում, Եգիպտոսում) ԱՄՆ-ում, Կանադայում, Լատինական Ամերիկայում (հիմնականում Ուրուգվայում, Արգենտինայում, Բրազիլիայում), Ուիզբեկստանում, Ղազախստանում, Հնդկաստանում, Ավստրիալիայում և այլ պետությունների սփյուռքահայ համայնքներում։ Հայերեն լեզվակիրների քանակը կազմում է 7-9 միլիոն մարդ:
Առաջին գրավոր հուշարձանները Հայաստանի տարածքում թվագրվում են ուրարտական շրջանին։ Հայոց այբուբենի ստեղծումից հետո սկիզբ է դրվում հայերեն ինքնուրույն գրականությանը։ Հայոց հնագույն բանավոր ավանդազրույցները, լեգենդներն ու առասպելները առաջին անգամ գրի են առնվել 5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացու կողմից։ 440-ականներին է գրվել ազգային գրականության առաջին կոթողը՝ Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը՝ նվիրված Մեսրոպ Մաշտոցի կյանքի և գործունեության նկարագրությանը։ Այդ դարաշրջանի հայ գրականության հիմնական ուղղությունը պատմագրությունն է, ապա՝ աստվածաբանությունը և հոգևոր շարականագրությունը։ V դարը գիտության մեջ ընդունված է անվանել Հայոց Ոսկեդար։ Կարևոր պատմական երկ է Փավստոս Բուզանդի «Հայոց Պատմությունը», որն ընդգրկում է IV դարի կեսերից մինչև 387-թ. ընկած դեպքերի շարադրումը։ Ոչ միայն ստույգ պատմագրական այլև գեղարվեստական մեծ արժեք է ներկայացնում Վարդանաց պատերազմին նվիրված Եղիշե պատմիչի «Վարդանի և Հայոց Պատերազմի մասին» մատյանը՝ գրված մոտ 464-465-ին։ Մոտ 480-490-ական թվականներին է գրվել V դարի հայ գրականության ամենաընդգրկուն պատմագրական երկը՝ պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը», ուր հեղինակը առաջին անգամ փորձ է արել գրել հայոց ամբողջական պատմությունը՝ սկսած առասպելական Հայկ նահապետից մինչև 428 թվականը։ Խորենացին գրի առել նաև հայ հեթանոսական բանավոր գրականության բացառիկ արժեք ներկայացնող մի շարք պատառիկներ։ V դարի հայ վերջին պատմիչը Ղազար Փարպեցի է։ Առ այսօր հայագիտության մեջ լուծված չէ Ագաթանգեղոսի պատմական դարաշրջանի խնդիրը։ Պոեզիայի վերելքը նախ և առաջ կապված է Գրիգոր Նարեկացու ստեղծագործության հետ։ Վերջինիս ստեղծագործությամբ սկսվում է սիրո և բնության գովքը հայ բանաստեղծության մեջ։ 1002-ին Նարեկացին ավարտում է իր «Մատյան Ողբերգությանը»` որը հիրավի համարվում է հայ միջնադարյան գրականության գլուխգործոցներից մեկը։ Պոեզիան զարգանում է նաև Գրիգոր Պահլավունու, Վարդան Անեցու գործերում։ Վարդան Հայկազնի ստեղծագործությամբ սկիզբ է առնում կենսագրական պոեմի ժանրը։ XI-XII դարերի սահմանագլխին է ապրել նշանավոր բանաստեղծ և փիլիսոփա Հովհաննես Իմաստասերը։ XII դարից սկսած գրաբարին փոխարինելու է գալիս միջին գրական հայերենը։
Դարաշրջանի կարևոր պատմագրական երկերից է Մաթէոս Ուրհայեցու «Ժամանակագրությունը»։ Թե՛ բովանդակային, թե՛ կառուցվածքային առումով նոր խոսք էր հայ գրականության մեջ Ներսես Շնորհալու ստեղծագործությունը։ 1145 թվականին Շնորհալին ավարտում է «Ողբ Եդեսիոյ» պոեմը՝ հայ գրականության մեջ քաղաքական պոեզիայի առաջին կոթողներից մեկը։ Վերջինս համարվում է նաև էպիկական պոեմի սկզբնավորողը։ Ժամանակի հայ գրականության և գրավոր մշակույթի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում Մխիթար Գոշը։ Գոշը համարվում է հայ արձակի հիմնադիրներից մեկը[14], ումից պահպանվել են շուրջ 190 առակներ։ Նրան է պատկանում նաև հայ իրավունի հիմնարար կոթող «Դատաստանագիրքը»։
Հայկական երաժշտությունը սկիզբ է առնում մ.թ.ա. II հազարամյակում։ Պատմական տվյալները մեզ են հասել հնադարյան հայ պատմաբաններ Մովսես Խորենացու և Փավստոս Բյուզանդի աշխատությունների շնորհիվ։[2] Մ.թ.ա. III հազարամյակում ձևավորվել էր հայկական երաժշտության որակային յուրահատկությունը։ Մովսես Խորենացին հիշատակում է «փանդիռ» երաժշտական գործիքը։ Փավստոս Բյուզանդը հիշատակում է թմբուկը, սրինգը, քնարը և շեփորը։ Պահպանվել են մինչքրիստոնեական Հայաստանի երգերի տեքստերի հատվածներ, որոնք պատմում են Արա Գեղեցիկի և Շամիրամի, Արտաշես թագավորի մասին։ Մ.թ. 301 թվականից, երբ Հայաստանն ընդունեց քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն, հիմք է ստեղծվում հայկական քրիստոնեական եկեղեցու երաժշտության զարգացման համար։ Ագաթանգեղոսը հայտնում է, որ IV դարի վերջից բարձրագույն դպրոցներում երգեցողություն են ուսուցանել։ Միևնույն ժամանակ հայտնի է հայկական հոգևորականության բացասական վերաբերմունքը հեթանոսական երաժշտական ժառանգության հանդեպ։ Հայ հնադարյան երաժշտության զարգացմանը նպաստում է նաև ֆեոդալիզմի ձևավորումը։ Սակայն գուսանական արվեստը ենթարկվում է հալածանքների (այդուհանդերձ շարունակելով իր զարգացումը)։
Հայ եկեղեցական երաժշտության զարգացմանը նպաստեց 406 թ-ին հայկական այբուբենի ստեղծումը։ Վարդապետարաններում (հայկական դպրոցներում, որոնք, ինչպես հայտնում է Մովսես Խորենացին, առաջին անգամ հիմնադրում է Մեսրոպ Մաշտոցը), ուսուցանվում են երաժշտություն և երգ։

Комментариев нет:
Отправить комментарий